Լրահոս

24.03.2012 13:13


Էգեմեն Բաղըշ. «Ես այսօր Շվեյցարիայում հայտարարում եմ, որ 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն չեն, թող գան ու ինձ ձերբակալեն»

Էգեմեն Բաղըշ. «Ես այսօր Շվեյցարիայում հայտարարում եմ, որ 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն չեն, թող գան ու ինձ ձերբակալեն»

Շվեյցարիայի Ցյուրիխի կանտոնի դատախազությունն ավարտել է Հայոց ցեղասպանությունը ժխտած Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի դեմ սկսած նախնական հետաքննությունը և գործին ընթացք տալու համար դիմել Շվեյցարիայի ԱԳՆ-ին, որի պատասխանից հետո պարզ կլինի՝ դատական գործ բացե՞լ, թե՞ոչ։

Թուրքական «Doğan» լրատվական գործակալության հետ զրույցում Ցյուրիխի գլխավոր դատախազ Քրիստին Բրաունշվեյգը հայտնել է, որ Էգեմեն Բաղըշը հետապնդվում է Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածով։

Շվեյցարիայի արտգործնախարարությունը հաստատել է, որ դատախազությունը թուրք նախարարի անձեռնմխելիության խնդրի հետ կապված հարցում է արել։

ԱԳՆ–ի պատասխան նամակում ասված է. «Նման հարցումներն ու քննարկումներն ԱԳՆ-ի և դատախազության միջև սովորական երևույթ են։ Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու համար Դավոս եկած օտարերկրյա կառավարությունների բոլոր անդամներն, ըստ միջազգային օրենքների, օժտված են անձեռնմխելիությամբ։ Սակայն Էգեմեն Բաղըշի դեմ դատական գործ սկսելու վերջնական որոշում կայացնելը ոչ թե ԱԳՆ-ի, այլ դատական մարմինների գործն է»։

Էգեմեն Բաղըշը Ցյուրիխում ասել էր, թե ինքը ցեղասպանությունների ժխտումը քրեական հանցանք համարող երկրում էլ կարող է ասել, որ Հայոց ցեղասպանություն չի եղել. «Ես այսօր Շվեյցարիայում հայտարարում եմ, որ 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն չեն: Թող գան ու ինձ ձերբակալեն»։

Սպասվում է, որ Ցյուրիխի դատախազությունը Բաղըշի հետ կապված որոշումը կհայտնի ապրիլի սկզբին։

Այս խորագրի վերջին նյութերը